Սիրիայում քառօրյա հրադադար է. այնուհանդերձ կրակոցներ հաճախ են լսվում
Սիրիայում համամուսուլմանական զոհաբերության տոնի առթիվ հայտարարված քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտել այսօր առավոտյան։
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը ներկայացրել է կադրեր, թե ինչպես է երկրի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսի մզկիթներից մեկում մասնակցում տոնական նամազին։
Ընդդիմադիրները, սակայն, տեղեկացնում են, որ նամազից հետո հարյուրավոր մարդիկ ցույցեր են կազմակերպել՝ ընդդեմ նախագահ Ասադի։
Հրադադարի ուժի մեջ մտնելուց ընդամենը ժամեր անց, արդեն կողմերը միմյանց մեղադրում են այն խախտելու համար։
Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ Սիրիայում այսօր զոհվել է նվազագույնը 7 մարդ՝ 4-ը Հոմսում, 3-ը Դամասկոսում։
Չնայած հրադադարի մասին կողմերի հայտարարություններին՝ փոխրհաձգության ձայներ են լսվում Դամասկոսի արվարձաններում, նաև Հալեպում։
Tert.am-ի Հալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքի որոշ թաղամասերում համեմատաբար հանդարտ է, սակայն որոշ շրջաններում շարունակվում են հրետակոծությունների ձայներ լսվել։
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի՝ քառօրյա հրադադար հաստատելու առաջարկին կողմ էին արտահայտվել թե՛ պաշտոնական Դամասկոսը, թե՛ զինյալ ընդդիմության մի մասը։ Ծայրահեղ իսլամիստական որոշ խմբավորումներ, սակայն, հայտարարել էին, թե չեն պատրաստվում դադարեցնել կրակը։
Պաշտոնական Դամասկոսը, իր հերթին, խոստացել է հնարավոր ցանկացած հարձակման հակահարված հասցնել։










