«Ալ Կաիդա»-ի առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել առևանգել ամերիկացիներին ու եվրոպացիներին

13:26 • 27.10.12

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ներկայիս առաջնորդ Այման ալ-Զավահիրին աշխարհի բոլոր մուսուլմաններին կոչ է արել առևանգել ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներին, գրում է Life News-ը՝ հղում անելով Agence France Presse-ին։

 

Ահաբեկիչն իր խոսքն ուղղել է 58 րոպեանոց տեսահաղորդագրության միջոցով, որը տարածվել է ջիհադիստական ֆորումներով։

«Պատերազմը չի ավարտվել, այն նոր է միայն սկսվում։ Ուստի կոչ եմ անում բոլոր նվիրյալ մուսուլմաններին առևանգել և գերեվարել այն երկրների քաղաքացիներին, որոնք պատերազմում են մուսուլմանների դեմ։ Միայն այս կերպ կարելի է հասնել նրան, որ Գունտանամոյում ազատազրկված մեր եղբայրները ազատություն ստանան, քանի որ այդ երկների իշխանությունները հասկանում են միայն ուժի լեզուն»,- ասել է ալ-Զավահիրին։

 

Իր տեսանյութում «Ալ Կաիդա»-ի առաջնորդը նաև դիմել է Եգիպտոսի քաղաքացիներն՝ կոչ անելով «ավարտին հասցնել սկսած հեղափոխությունն ու երկրում շարիաթի օրենքներ հաստատել»։


Տեսահաղորդագրության մեջ ալ-Զավահիրին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ նրան «արհեստավարժ սուտասան» անվանելով։

Այման ալ-Զավահիրին ստանձնել է «Ալ Կաիդա»-ի ղեկավարի պաշտոնը 2011թ.-ին՝ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո։