Գյումրու քաղաքապետն ընդունել է Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոսին
Հոկտեմբերի 26-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին, 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Օլեգ Սմիրյոնովին և Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Այսինին: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից
Ողջունելով հյուրերին` Սամվել Բալասանյանը կարևորել է Գյումրու և ՌԴ տարբեր քաղաքների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ, քաղաքապետը նշել է նաև, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակեներում խրախուսել ռուսական ներդրումները Գյումրիում:
Հյուրերը շնորհավորել են Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսին էր օրինակ Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու ռուսական կողմից հնչեցված առաջարկը: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն նման ձևաչափի հանդիպումներն ու քննարկումներն ավելի հաճախակի դարձնելու մասին:










