Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները դեռ պատժված չեն, և համոզված եմ՝ Հայաստանից դուրս են. ՀՀԿ պատգամավոր
1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանի «գլխատման» կազմակերպիչները դեռևս պատժված չեն և իմ, խորին համոզմամբ, Հայաստանից դուրս են գտնվում, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցության» պատգամավոր Մանվել Բադեյանը:
Ըստ նրա՝ հանցագործները կալանավորված են, բայց դա չի կարելի համարել համաչափ պատիժ: «Հանցագործները կալանավորված են, բայց որքանո՞վ դա կարելի է համարել պատիժ՝ ես չգիտեմ: Հասցրած վնասն անհամաչափ է, նույնիսկ եթե դատապարտված են ցմահ, դա չի կոմպենսացնում այն կորուստները, որ կրեց ժողովուրդը հոկտեմբերի 27-ից հետո»,- ասաց պատգամավորը։
Ըստ Մանվել Բադեյանի՝ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ոչ թե սոսկ մարդասպանություն, այլ կատարվել է ազգին ծնկի բերելու փորձ:
«Սցենարիստները, որը կարծում եմ իրենք չէին, շատ լավ գիտակցում էին, որ եթե խոսքը գնում է մեկ մարդու, այսինքն՝ Վազգեն Սարգսյանին վերացնելու մասին, նրան կարելի է վերացնել ցանկացած ուրիշ տեղ, մինչդեռ ԱԺ-ով նրանք ծնկի բերեցին ողջ ժողովրդին, քանի որ ԱԺ-ն դա ժողովրդի ընտրյալներն են, այսպես, թե այնպես»,- բացատրեց նա։
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինված մարդիկ ներխուժեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ բացեցին պատգամավորների վրա: Ահաբեկչությանը զոհ գնացին այն ժամանակվա ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ըստ Մանվել Բադեյանի՝ այդ ոճրագործությամբ նշան տրվեց հայ ժողովրդին. «Որ՝ «հայ ժողովուրդ, ձեր անկախության ճանապարհին ինչ-որ ուժերի հետ պետք է հաշվի նստեք և անկախություն պետք է չունենաք»»:
Իսկ թե ովքեր են այդ ուժերը, պատգամավորը դժվարացավ ասել. «Ինչպես ասում են՝ բազմաշերտ է կարկանդակը, շատ ուժեր կան, որոնց ձեռք էր տալիս ամսի 27-ը և այդ կազմակերպիչներն առայժմ պատժված չեն, և իմ խորին համոզմամբ՝ Հայաստանից դուրս են»:
Տվյալ շրջանում երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին մեղադրելը ՀՀԿ պատգամավորը ծիծաղելի է համարում:
«Ասեկոսեները, որ մեղադրում են տվյալ ժամանակվա նախագահ Քոչարյանին կամ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին, իրոք ծիծաղելի են, որովհետև օբյեկտիվորեն նրանք այն մարդիկ են, որ առաջին հերթին մտահոգված են երկրի «ստաբիլության» համար և նրանց վրա կախել այդպիսի մեղք՝ առնվազն անբարոյականություն է, բայց որ կազմակերպիչներ կան, և այսօր Սովետաշենի բանտում չեն, դա ակնհայտ է»,- ասաց նա և հավելեց, որ այդ կազմակերպիչների վրա իրենց իրավասությունը չի տարածվում:
«Մեր իշխանությունները չեն կարող դրանց պատժել, նույնիսկ եթե բացահայտվեն, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ բացահայտված էլ չէ, որովհետև շատերը կարող են կազմակերպել»,- ընդգծեց նա:
Մանվել Բադեյանը նկատում է, որ այսպիսի քաղաքական սպանությունները երբեք էլ մինչև վերջ չեն բացահայտվում:
«Սկսած Քենեդու սպանությունից. այդպիսի աղմկալից սպանությունների շարքը մեծ է, որոնք չեն բացահայտվում, որովհետև դա բարձրագույն քաղաքականության խնդիր է և երբեք չի հանգում միջազգային հարաբերությունների կամ սրա, կամ նրա անձնական շահերին։ Երբեք այդ պատրվակով քաղաքական սպանություններ չեն լինում, այն էլ այդ մասշտաբի»,- ասաց նա և եզրափակեց, որ, իհարկե, քրեական գործ է հարուցել, և եթե պատիժը չլինի էլ՝ Աստծո դատաստանն անխուսափելի է:










