«Օղակաձև զբոսայգում» փլուզումից տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր, մյուսինը՝ միջին ծանրության
«Օղակաձև զբոսայգում» օրերս տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի ոչ մեծ ծավալի հեմատոմա։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Օղակաձև զբոսայգում» կիսակառույցի փլուզման հետևանքով տուժել էր 11 մարդ:
Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա բաց և բազմաբեկոր կոտրվածք ունի և դեռևս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում՝ լյարդի ու մակերիկամի շրջանում հեմատոմայի կասկածի պատճառով։
Տուժածներից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել, մյուս երեքը շարունակում են բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում։ Նշենք, որ ԱՆ-ը տուժածների անուն-ազգանունները չի հայտնում, քանի որ մարդու իրավունքների խախտում է դիտվում առանց նրանց համաձայնության նման տվյալների տրամադրումը:










