Ցուցարարները Չինաստանում ստիպել են դադարեցնել քիմիական գործարանի աշխատանքը

21:40 • 28.10.12

Չինաստանի արևելյան Չժեցյան նահանգի Նինբո քաղաքում արդեն 4 օր շարունակ տեղի ունեցող ցույցերն իշխանություններին ստիպել են պաշտոնապես հայտարարել, որ կդադարեցվի պարաքսիլոլ արտադրող քիմիական գործարանի աշխատանքը։


Ինչպս հաղորդում է BBC-ն, Նինբոյի բնակչությունը բողոքում է գործարանի ընդլայնման ծրագրի դեմ։ Նրանք բազմիցս տեղի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել օդի աղտոտման դեմ, որը Նինբոյում բավական վատ վիճակում է:


Ցուցարարների կարծիքով, քիմիական գործարանի ընդլայնման արդյունքում քաղաքն ավելի շատ կաղտոտվի։
Պարաքսիլոլն օգտագործվում է պալիէստերի արտադրության մեջ: Մասնագետները ասում են, որ դրա կարճատև ազդեցությունը մարդու աչքերի, քթի կամ բերանի խոռոչի վրա կարող է ուժեղ գրգռվածության պատճառ դառնալ, իսկ շտական ազդեցության դեպքում բերում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման:


Բողոքի ակցիաներին Նինբո քաղաքի ավելի քան 1000 բնակիչ է մասնակցում, և նրանց թիվը ամեն օր աճում է: Սկզբում խաղաղ բնույթ կրող ակցիան վերաճել է ոստիկանության հետ լրջագույն բախումների: Եղել են նաև ձերբակալություններ: