Հայաստանում աշնանային զբոսաշրջությունը զարգանում է. Ռուբեն Գրիգորյան
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»–ի
Հայաստանում զբոսաշրջության սեզոնայնությունը երկարացել է և աշնանը մեր երկիրը տեսնելու ցանկություն ունեցողների թիվը այդքան էլ քիչ չէ, Tert.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տուրօպերռեյտինգ առարկայի դասախոս Ռուբեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եթե նախկինում մինչև հոկտեմբերի 5-10-ը զբոսաշրջային սեզոնն ավարտվում էր, ապա այսօր հյուրանոցներում գրեթե տեղ չկա:
«Երկարել է տուրիստական սեզոնը, որը շատ ուրախալի է: Խելոք տուրիստներն աշնանն են գալիս Հայաստան, որը ամենագեղեցիկ ժամանակն է, քանի որ այս շրջանում մենք ունենում ենք բազմաթիվ տոնակատարություններ՝ անկախության տոն, քաղաքի տոն, մարզերում մի շարք փառատոններ և այլն»,– ասում է նա:
«Զբոսաշրջիկը, ներառյալ իր կացությունը Հայաստանում, օրական միջինը ծախսում է 100-150 եվրո: Այնպես որ, ամեն մի զբոսաշրջիկ մի գանձ է մեր երկրի համար»,- ավելացնում է Ռուբեն Գրիգորյանը:
Տեղական զբոսաշրջությունը Հայաստանում, ըստ ոլորտի մասնագետի, շատ է զարգացել. «Բայց մեզ պետք է նաև միջազգային զբոսաշրջությունը զարգացնել այնպիսի ցածր սեզոնների համար, ինչպիսինն է դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածը»:
Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են հետաքրքիր միջոցառումներ, որպեսզի հյուրանոցներն ավելի ճկուն գնային քաղաքականություն վարեն:
«Պետք է էժանացնեն փաթեթները, սնունդը: Եթե այդ ամենը կատարվի, մեզ մոտ բավականին կզարգանա զբոսաշրջությունը»,- բացատրում է նա:
Tert.am-ի հարցին, թե ինչ է անհրաժեշտ ՀՀ-ին զբոսաշրջության զարգացման համար, Ռուբեն Գրիգորյանը, ով նաև «Ռոմեա գայթակղիչ ճամփորդությունների ակումբ» գլխավոր տնօրենն է, պատասխանեց՝ ասելով, որ եթե զարգացվի գյուղական տուրիզմը, ապա ամեն վայր կդառնա հրապուրիչ:
«Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են մշակել ծրագիր, որոնք կնպաստեն տեղական տուրիզմի զարգացմանը: Օրինակ, եթե Արայի լեռան տարածքում մեկ-երկու ճոպանուղի տրամադրվի, անմիջապես կզարգանա այնտեղ զբոսաշրջությունը բոլոր առումներով` և՛ լեռնադահուկային, և՛ ամառային հանգստի առումով»,– ընդգծեց նա:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ակնկալվում է, որ 2012թ-ին ամբողջ աշխարհում ճամփորդողների թիվը կհասնի 1 միլիարդի:










