Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելին չպահանջել երկրից
Եվրոպական իշխանությունները չպետք է նոր պահանջներ ներկայացնեն Հունաստանին։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը։
«Չի կարելի այս ժողովրդից ավելին պահանջել, նա առանց այդ էլ ամեն ինչ արել է»,- ասել է Պապուլյասը։
Հունական խորհրդարանն առաջիկա շաբաթ կքննարկի տնտեսական խիստ միջոցառումների փաթեթը, որն անհրաժեշտ է Եվրոպական Միությունից ու Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական 31.5 մլրդ վարկը ստանալու համար։ Նախատեսվում է կրկին կրճատել պետական ծառայողների աշխատավարձերն ու կենսաթոշակները, պետական հատվածից աշխատանքից ազատել հազարավոր մարդկանց։
Նախագահի խոսքով՝ Եվրոպայում արդեն սկսել են խոստովանել, որ Հունաստանն «ավելին է արել», քան այլ երկրներ, որոնք տնտեսական խիստ միջոցառումներ են իրականացնում, ներառյալ՝ Իռլանդիան, Պորտուգալիան և այլն։










