Սիրիայում ընդդիմադիր զինյալների և քրդերի միջև մարտերը շարունակվում են
Սիրիայում հակակառավարական ուժերի և կառավարական զորքերի բախումները, թեև ավելի քիչ թափով, սակայն շարունակվում են, չնայած հաստատված քառօրյա հրադադարին։ Վերջին երկու օրերի ընթացքում թեժացել են մարտերը նաև Հալեպի քրդերի և ընդդիմադիր զինյալների միջև։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիյեթը», «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) Սիրիայի թևը համարվող քրդական «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD) հետ սկսված բախումները կարող են Սիրիայում քաղաքացիական պատերազմի համար նոր փուլ բացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաիսլամական տոնակատարությանը նախորդած օրվանից իրավիճակը լարվել էր Հալեպի քրդաբնակ Աշրաֆիյե թաղամասում։
Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը «Ֆրանս պրեսս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է , թե Հալեպում կռվելու պատրաստ 100.000 քուրդ կա։ «Եթե քուրդ-արաբական պատերազմ սկսվի, մոռացե՛ք հեղաշրջման մասին, Ասադը կմնա»,- ասել է նա։
Վերջին մեկ օրվա ընթացքում Դամասկոսում, Հալեպում, Դեյր էզ Զորում և Իդլիբում շարունակվող մարտերի ընթացքում առնվազն 42 մարդ է զոհվել։










