Նալբանդյանը հանդիպել է Մամեդյարովի և Մինսկի խմբի համանախագահների հետ
Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:
Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:










