Եվրոպայում ձյան տեղումները կաթվածահար են արել երթևեկությունը

10:10 • 29.10.12

 Ֆրանսիայի որոշ շրջաններում մեկ օրում ամսական նորմայի կիսով չափ ձյուն է տեղացել։ Ավելի քան 50 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, քանի որ ձյան ծանրության պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, հայտնում է Euromag-ը։

Բացի այդ, քամու ուժգնությունը երկրի հարավում հասնում է ժամում 130 կմ-ի։

 

Ձյունն անակնկալ է մատուցել նաև վարորդներին. երկրի լեռնային շրջաններում մի շարք մեքենաներ մնացել են ճանապարհին, որտեղ ձյան շերտի բարձրությունը հասնում է 40-50 սմ-ի, հայտնում է RFI-ն։

 

Տուժածների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ հարավ- արևելքում կորել է անգլիացի մի երեխա։

 

Նման իրավիճակ է նաև հարևան երկրներում։ Օրինակ՝ Չեխիայում անդադար տեղացող ձյունն արդեն վնասել է երկաթուղային հաղորդակցությունը, ճանապարհներին խցանումներ են առաջացել։

Նույն վիճակն է Շվեյցարիայում, որտեղ ձյուն մաքրող մեքենաներն աշխատել են ամբողջ գիշեր։ Իսկ Գերմանիայի արևելքում կրկնակի ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։