Ճապոնիայի ընդդիմությունը թույլ չի տվել վարչապետին ծրագրային ելույթով հանդես գալ խորհրդարանի վերին պալատում

09:50 • 29.10.12

Ճապոնիայի ընդդիմությունը, ի նշան բողոքի երկրի կառավարության կողմից տարվող քաղաքականության, թույլ չի տվել վարչապետ Յոսիհոկո Նոդային հանդես գալ ծրագրային ելույթով խորհրդարանի վերին պալատում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ճապոնիայի համար սա աննախադեպ երևույթ է, քանի որ նմանատիպ ոչ մի բան երկրում տեղի չի ունեցել հետպատերազմյան ժամանակահատվածից ի վեր։

 

Ավանդաբար խորհրդարանի առաջին աշխատանքային օրը երկրի վարչապետը հանդես է գալիս ծրագրային ելույթով խորհրդարանի 2 պալատների պլենար նիստերին։ Սակայն այս անգամ ընդդիմադիր առաջատար ուժերը՝ «Լիբերալ Դեմոկրատական» և «Կոմեյտո» կուսակցությունները, քվեարկել են նրա համար, որ կառավարության ղեկավարը ելույթի հնարավորություն չունենա վերին պալատում, որտեղ գերիշխում են ընդդիմադիր ներկայացուցիչները։

 

Արդյունքում Նոդան ելույթ կունենա միայն ստորին պալատում, որտեղ մեծամասնություն են կազմում իշխող կուսակցության անդամները։

 

Ընդդիմության այս դեմարշը միայն մի մասն է այն լայնածավալ արշավի, որը նրանք սկսել են վարչապետի դեմ՝ փորձելով նրան ստիպել արտահերթ ընտրություններ հայտարարել։