ՄԱԿ-ի շտաբ-բնակարանն այսօր կդադարեցնի գործունեությունը՝ «Սենդի» փոթորկի պատճառով
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը նվազագույնը մեկ օրով կդադարեցնի գործունեությունը՝ ԱՄՆ-ին մոտեցող «Սենդի» փոթորկի պատճառով, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
Շտաբ- բնակարանում նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են։
«Ժամանակավոր ընդմիջումը կարող է ձգվել մինչև հոկտեմբերի 30-ը»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
ՄԱԿ-ի քարտուղարությունից հայտնել են, որ գործունեության վերականգնման մասին վերջնական որոշում կկայացվի այսօր՝ կեսօրից հետո։
Այսպիսով, ՄԱԿ-ի աշխատակիցների համար այս հանգստյան օրերը կտևեն 4-5 օր. շաբաթ և կիրակի օրերից բացի, ուրբաթ նրանք չեն աշխատել համամուսուլմանական «Կուրբան Բայրամ»-ի կապակցությամբ, այսօր՝ փոթորկի, վաղն էլ՝ դեռ հարց է։
Փոթորիկն ԱՄՆ կհասնի լույս երեքշաբթի։ Տարերքի պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն չեղյալ է հայտարարել այսօր և վաղը ծրագրված նախընտրական միջոցառումները։
Անցած շաբաթ «Սենդի»-ն լուրջ վնաս է հասցրել Կարիբյան ավազանի կղզի- պետություններին, այդ թվում՝ Կուբային, Հաիթիին, Բահամներին, Ճամայկային, Դոմինիկյան Հանրապետությանը։ Վերջին տվյալների համաձայն՝ այս շրջանում տարերքը խլել է 58 մարդու կյանք, ավելի քան 10-ը համարվում է անհետ կորած։










