ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվերներ է հանձնել սեղանի թենիսի՝ ԶԼՄ–ների ներկայացուցիչների առաջնության հաղթողներին

17:45 • 03.11.12

«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 5-րդ առաջնությունը:


Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու և արդար մրցակցության:


Առաջնությունը կազմակերպել էր «Առավոտ» օրաթերթը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը և Գոհար Խանզրատյանը:


Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 լրատվամիջոցների 30 աշխատակից (18 տղամարդ և 12 կին):


Հինգերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Samsung GALAXY S Advance, Samsung GALAXY Ace 2 և HTC Wildfire S սմարթֆոններ:

Այս տարի մրցաշարի հովանավոր է դարձել նաև Կոկա-Կոլա ընկերությունը: