Էջմիածնում նշվել է Գարեգին Բ-ի գահակալության 13-րդ տարեդարձը

16:20 • 04.11.12

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք:


Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Մամլո դիվանի տարածած հաղորդագրությունից, սրբազան արարողություններին ներկա են եղել նոյեմբերի 1-3-ը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և բազում ուխտավորներ:


Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով իր քարոզում, հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով, անդրադարձել է Մայր Աթոռի կարևոր դերակատարությանը Հայ Եկեղեցու միասնականության պահպանման գործում: «Մայր Աթոռ Ս Էջմիածինն իր մայրության շնորհիվ հաջողել է ի մի հավաքել աշխարհով մեկ մեր ազգի ցրված նշխարները` ամենքին ձգելով դեպի իրեն. …նրանից առաջնորդություն ունի եկեղեցական մեր ողջ կյանքը», - ասել է Սահակ Սրբազանը` կոչելով խոնարհվելու Ս. Էջմիածնի Քրիստոսավանդ խորհրդի առջև: Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Հայրապետների մեծ պատասխանատվության և կոչման մասին` միշտ վեր պահելու հայոց հաղթական Ս. Խաչը և պայծառ` Ս. Լուսավորչի մշտավառ կանթեղը:


Ս. Պատրագից հետո, հանդիսապետությամբ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Իջման Ս. Սեղանի առջև կատարվել է Հայրապետական մաղթանքի արարողություն, որի ընթացքում ներկաներն աղոթք վերառաքեցին Երկնավոր Տիրոջը` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և քաջառողջ ու բեղուն բազմամյա գահակալության համար:


Արարողությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո հայրապետական թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որի առջև տեղի ունեցավ Նոր Ջուղայի ԺԶ, ԺԷ դարերի խաչքարերի օրինակով պատրաստված երեք խաչքարերի օրհնության արարողությունը: Խաչքարերը (խաչքարագործ` Վարազդատ Համբարձումյան) տեղադրվել են բարերարությամբ տիար Հրաչյա Պողոսյանի (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ)` ի հիշատակ Արցախյան հերոսամարտում, Հայրենական մեծ պատերազմում և Սպիտակի երկրաշարժից զոհված հայորդիների: