Օխոտի ծովում՝ «Ամուրսկայա»-ի անհետացման վայրում, նավթի հետքեր են հայտնաբերել

11:13 • 04.11.12

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող БЕ-200 ինքնաթիռից Օխոտի ծովի ջրային տարածքներից մեկում, որտեղ իրականացվում են «Ամուրսկայա» շոգենավի որոնողական աշխատանքները, նավթի հետքեր են հայտնաբերվել,  հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Հետքերի հայտնաբերման վայրի կոորդինատները փոխանցվել են մոտակայքում գտնվող «Ռուբին» փրկարար նավին, որն էլ մոտեցել է այդ վային։ Խորությունը չափող սարքը ցույց է տվել, որ 25 մ խորության վրա ինչ-որ օբյեկտ կա։ Ռուսական լրատվամիջոցները հավանական են համարում, որ  դա «Ամուրսկայա» շոգենավն է։


РИА Новости-ն հայտնում է, որ ջրասուզակների՝ նախապես նախատեսված աշխատանքները «Ռուբինի» նավապետի որոշմամբ հետաձգվել են՝ նշված տեղանքում անդրջրյա ուժեղ հոսանքների պատճառով։
 

Հիշեցնենք, որ շոգենավը Օխոտի ծովում անհետացել էր հոկտեմբերի 28-ին։ Դրանում գտնվում էր անձնակազմի 9 անդամ։ Շոգենավի վրա կար նաև 700 տոննա ոսկու հանքաքար։

Ամուրի Նիկոլաևսկ նավահանգստից նավը պետք է ուղևորվեր Օխոտսկի նավահանգիստ, սակայն ծովային փոխադրամիջոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու նավի անձնակազմը դադարել է արձագանքել ծովային փրկարարներին։