Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց

11:41 • 04.11.12

Այսօրվանից մեկնարկում է մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի՝ քարոզարշավը կավարտվի նոյեմբերի 30-ին:

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 4 թեկնածու՝ «Ժառանգություն՝» կուսակցությունից` կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյանը (Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է – Tert.am), ՀԱԿ-ին մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինչպես նաև` ինքնառաջադրված անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է 3 թեկնածու` ՀՀԿ-ից`«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը և ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այս երկու ընտրատարածքներում ընտրությունները նշանաված են դեկտեմբերի 2-ին:

Ի դեպ, թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Ստյոպա Սաֆարյանն իր Facebook-ի էջում բարձրաձայնում է, որ չնայած քարոզարշավը կիրակի օրն է մեկնարկում, բայց ՀՀԿ թեկնածուն ժամանակից շուտ սկսել է այն:

«Ցավոք, մինչ այժմ ԶԼՄ-ներում արդեն փաստեր ու ահազանգեր են հրապարակվել, որ ՀՀԿ թեկնածուն ոչ միայն ժամանակից շուտ է սկսել իր քարոզարշավը, այլև դրանում ներգրավել է հանրային ռեսուրսներ` քարոզչական միջոցառումներ ունենալով դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում»,- գրել է թեկնածուն: