Գագիկ Ծառուկյան. Մեր արդարադատության նախարարը առանց ամաչելու ասում ա, ոնց որ աղջիկները իրենց ականջներն են ծակում... (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ իր կուսակից երիտասարդների, հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ դիտողություններ է արել՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից բերանները կամ աչքերը կարելու հաճախացող դեպքերի վերաբերյալ՝ նախարարի արած արտահայտությունների առիթով։
«Մեր արդարադատության նախարարը առանց ամաչելու ասում ա, ոնց որ աղջիկները իրենց ականջներն են ծակում, ասենք թե, այսօր մեր մեղադրյալները շուրթերն ու աչքերն են կարում։ Ինչի՞ համար ա մարդը դա անում. հիասթափվելուց , անարդարությունից։ Փոխանակ համապատասխան բոլորին պետք է կարգի հրավիրենք, իրենք, ասենք, բացատրություն վերցնեն, ինչի համար ա արել»,- մասնավորապես ասել է Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ազատազրկվածների հետ տեղի ունեցած միջադեպերը, մասնավորապես` ճկույթը կտրելու և աչքը կարելու դեպքերը, նախարարը դա որակել էր սովորական երևույթ՝ մասնավորապես ասելով. «Աչքն ու բերանը կարելը նրանց համար արդեն սովորական բան է։ Ասենք, այնպես, որ աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ կան»:
Շարունակելով հնչեցնել իր մտահոգությունը՝ Գագիկ Ծառուկյանը խոսքն ուղղելով դահլիճում ներկա իր կուսակից պատգամավորներին, մասնավորապես ամբիոնին իր կողքին նստած Վահե Էնֆիաջյանին, հորդորել է մտահոգությունները հասցնել Հրայր Թովմասյանին։ « Պետք է հարցը բարձրացնեք՝ պարոն արդարադատության նախարարին անձամբ ասելով, որ դա ոչ թե ականջ ծակելու, աղջիկների պես բան ա դառել, այլ դու լիարժեք պարտավոր ես, որպես արդարադատության նախարար քննելու, հատուկ քննչական կազմ ուղարկելու, ինչի համար ա դա կարել։ Եվ հանրությանը ներկայացնելու, որ ամբողջ հասարակությունն էլ, հանրությունն էլ, ուսանողությունն էլ ուզում ա տեղյակ լինի»,- ասել է նա։
Տեսանյութը՝ ԲՀԿ կայքից










