30-ամյա կինը մահացել է բոտուլիզմից. բժշկի խորհուրդները թունավորումից խուսափելու համար
Նոյեմբերի 13-ին բոտուլիզմի թունավորումից մահացել է նոյեմբերի 6-ին Գյումրիից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոծված Ա. Արմենակյանը: 30-ամյա կինը թունավորվել էր տնային պայմաններում պատրաստած կարմիր պղպեղի պահածոյից, բայց միայն 2 օր հետո էր բժշկի դիմել: Առողջապահության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը Tert.am-ի հետ զրույցում փաստեց, որ Ա. Ամիրյանը հիվանդանոց է տեղափոխվել է ծանր վիճակում:
«Սկզբում չեն հասկացել` ինչ է կատարվում: Հիվանդը մտածել է, թե մրսածության հետևանքով է վատ զգում: Դրանից մի քանի օր առաջ գորգ էր լվացել: 4 օր տևած հետազոտություններից հետո միայն բժիշկները բացահայտել են, որ կնոջ վատ զգալու պատճառը պահածոն է եղել»,- Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Լիլիթ Հունանյանը:
«7 օր շարունակ բժիշկները փորձել են փրկել կնոջը: Եթե ժամանակին դիմեր բժշկի, «պատկերն այլ կլիներ», բայց չստացվեց»,- ասաց մասնագետն ու հավելեց, որ բոտուլիզմը ունենում է նաև գաղտնի շրջան, որը կարող է տևել մինչև 12 օր: «Սա հենց այդ դեպքերից է: Գաղտնի շրջան ունեցող բոտուլիզմի դեպքում նախանշաններն ի հայտ են գալիս ոչ անմիջապես»,- ասաց նա:
Թունավորման այս տեսակը ձմռանն է հատուկ: Պատճառը հիմնականում լինում են տնային պայմաններում պատրաստված պահածոները: «Տնային պայմաններում, որքան էլ տնտեսուհիները ջանան, միևնույն է նրանց պահածոներն այնքան անվտանգ չեն կարող լինել»,- ասաց նա և ավելացրեց, որ պահածոներում առկա թունավոր նյութերը ոչնչանում են միայն 120 աստիճան ջերմության տակ, որը տնային պայմաններում հնարավոր չէ ստանալ:
«Եթե, այնուամենայնիվ, որոշել են մեր տնային տնտեսուհիները պահածո պատրաստել տնային պայմաններում, գոնե պետք է ուտելուց առաջ եռացնեն 20-25 րոպե»,- խորհուրդ տվեց Լ. Հունանյանը ու ավելացրեց. «Գլխապտույտ, սրտխառնոց ու թուլություն, փսխում, կղման ակտի խանգարում, գլխացավ, երկտեսություն. սննդային թունավորման առաջին նախանշաններն են: Սրանց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի և ինքնաբուժությամբ չզբաղվել: Այն կարող անդառնալի հետևանքներ ունենալ»:
Նշենք նաև, որ 2010 թվականին Հայաստանում եղել է բոտուլիզմից տուժելու 12 դեպք, մեկ մարդ մահացել է, 2011-ին ցուցանիշը հասել է 29-ի, մահացել է 3 հոգի: Իսկ 2012-ին արդեն գրանցվել է սննդային թունավորման 12 դեպք 20 տուժածով, մահացել է նույնքան, ինչքան 2011-ին:










