Հայաստանը ծառեր է տնկում, որոնք այրվել էին պատերազմական շրջափակման հետևանքով. Deutsche Welle

11:10 • 15.11.12

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում էներգետիկ ճգնաժամի հետևանքով Հայաստանում իրականացված զանգվածային անտառահատումներին և Հայաստանի անտառների այժմյան իրավիճակին:

«1990-ականների սկզբին պատերազմն ու էներգետիկ ճգնաժամը հայերին հարկադրեցին կտրել հազարավոր ծառեր՝ որպես վառելափայտ։ «Հայաստան Ծառատունկ Ծրագիր»-ն աշխատում է վերականգնել Հայաստանի անտառները, բայց գործին խոչընդոտում են ապօրինի ծառահատումները»,- գրում է DW-ն։

 

Սերոբ Բադալյանի ընտանիքը չի երկմտում փայտերով ու ճյուղերով՝ խորովածի համար կրակ վառելիս։ 34-ամյա ինժեները, սակայն, հիշում է 1990-անների ծառահատումները։

«Խնդիրն այն էր, որ մենք լույս չունեինք, այդ պատճառով կտրում էինք ծառերը։ Երբեմն մենք դրանք տուն էինք բերում, երբեմն էլ ոստիկանությունը ձերբակալում էր մեզ։ Բայց հաջորդ օրը դարձյալ մենք մեր ընկերների հետ գնում էինք փայտ բերելու, որպեսզի կրակ ունենանք»,-պատմում է նա։

 

DW-ն ընթերցողին հիշեցնում է, որ էներգետիկ ճգնաժամը պատերազմի պատճառով էր։ Հայաստանը և հարևան Ադրբեջանը 1988-ից մինչև 1994-ը կռվում էին Լեռնային Ղարաբաղի համար, որն Ադրբեջանն իր տարածքն էր համարում, իսկ հայ բնակչությունն անկախություն էր ցանկանում։ Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակել էին Հայաստանը։ Ավելի ուշ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, դադարեց Հայաստանի էներգետիկ սուբսիդավորումը։ Արդյունքը եղավ տարիների էներգիայի պակասը։

 

Ըստ թերթի՝ Երևանը տեսավ ցրտաշունչ ձմեռային օրեր, երբ հոսանք կար ընդամենը մեկ-երկու ժամ. իրավիճակը, հաճախ, ավելի վատ էր մայրաքաղաքից դուրս։ Հայերը հուսահատ էին և որպես վառելափայտ էին օգտագործում երկրի անտառները։ Նրանք վառում էին այն ամենը,  ինչ հնարավոր էր գտնել, անգամ՝ իրենց սեփական մանրահատակն ու կահույքը։

 

Բադալյանն ու իր ընկերները դարձյալ ու դարձյալ վերադառնում էին Դավիթաշենի ծիրանենու այգին։ «Մենք գնում էինք խմբերով՝ 5-6 հոգով։ Ամեն անգամ փայտ էինք բերում մեզնից որևէ մեկի համար՝ գոնե 1 շաբաթվա»,- պատմում է նա։

Ի վերջո, Հայաստանի կառավարությունը 1995թ.-ին վերագործարկեց ատոմակայանը։

Անտառահատումների հետևանքով, համաձայն Հայաստանում ENPI FLEG ծրագրի զեկույցի, Հայաստանը կորցրեց անտառների 30%-ը։ Անտառահատումները շարունակվում են նաև այսօր։

 

«Հայաստանը կարող էր անապատի վերածվել»,-ասում է «Հայաստան Ծառատունկ Ծրագիր» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմինե Թոխմախյանը։ Կազմակերպությունը պայքարում է անտառահատումների դեմ 1994թ.-ից։ Ըստ ՀԿ-ի՝ իր բուսականության 80%-ը գոյատևում է, և անտառահատները հեռու են մնում իրենց անտառներից։  Նրանք աճեցնում են իրենց տնկիները 3 տնկարաններում։

 

DW-ն այցելել է Կարին գյուղի տնկարան։ Կարինը հոդվածագրին զարմանալիորեն փարթամ է թվացել։

«Մեր այցելուների մեծ մասը գրում է, որ սա օազիս է անապատում։ 16 տարվա դժվար աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք կանաչ տեսք տալ գյուղին»,-ասում է Թոխմախյանը։


Կառավարության անտառային գործակալությունը՝ «Հայանտառը» պնդում է, որ Հայաստանի անտառներն այնքան մեծ են, որքան 1988թ.-ին։ Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում ապօրինի հատվել է ընդամենը 2 425 ծառ։ Սակայն բնապահպան ակտիվիստ Լյուբա Բալյանը DW-ին տեղեկացրել է, որ ապօրինի հատվել է 240.000 խմ անտառ։

«Բնապահպանական հետևանքներն իրոք դաժան կարող են լինել։ Առաջին վտանգն անապատացումն է։ Դա մեծ խնդիր է»,-ասում է Բալյանը։

 

Նա ասում է, որ վնասի մեծ մասը ոչ թե գյուղացիների կտրած փայտի պատճառով է, այլ մեծ կազմակերպությունների, իսկ Կառավարությունն աչք է փակում։ Բալյանն ավելացնում է, որ այդ ընկերությունները փայտը վաճառում են շինարարական ընկերություններին կամ կահույքագործներին, կամ արտահանում։


Բնապահպանը լուծման մի քանի ճանապարհ է առաջարկում, այդ թվում՝ փոփոխություններ «Հայանտառ»-ի մոնիթորինգային ծրագրերում և անտառային օրենսդրության մեջ։


Այժմ էներգետիկ ճգնաժամը, որն անտառահատումների պատճառ դարձավ, հեռավոր հիշողություն է հայերի մեծ մասի համար։ Ինչ վերաբերում է Բադալյանի և նրա ընկերների հատած ծիրանենու այգուն, այն չի վերականգվել։