Հերմինե Նաղդալյանը պատասխանեց Հրանտ Բագրատյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում անդրադարձել է ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից՝ բյուջե 2013-ի մասին այսօր հնչեցված կարծիքին: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ բյուջեում սխալ թվեր են ներկայացված, բյուջեի բերկայացվող աճն էլ անիրական է, իսկ արտաքին պարտքը փակելու միջոցներ չկան, դրա համար էլ հայտարարել են, որ թոշակառուն թոշակ չի ստանա:
Իր ելույթում Հերմինե Նաղդալյանը Բագրատյանի տեսակետը համարել է անհիմն, ասելով՝
« Աժ ամբիոնը երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնն է, և այս բարձր ամբիոնից հնչեցվում են տեսակետներ տնտեսական ցուցանիշների և իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնց կցանկանայինք անրադառնալ: Հնչեցվում է թե ՀՆԱ-ի և գնաճի հաշվարկներում ցուցանիշների կեղծման տարբեր մեթոդներ են կիրառվում Հայաստանում (Հրանտ Բագրատյան):
Այս առումով հարկ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանը երկար ժամանակ է, որ անդամակցում է ԱՄՀ SDDS (Special Data Dissemination System) և GDDS (General Data Dissemination System) համակարգերին, ինչը վկայում է, որ անդամակցող երկրի պաշտոնական վիճակագրությունն` ըստ ոլոտների ծածկույթի, որակի և արժանահավատության չափանիշների, գտնվում է բարձր մակարդակի վրա: Իսկ նշյալ համակարգերին անդամակցելն այդքան էլ դյուրին գործ չէ, ընդ որում SDDS-ը առավել խիստ պահանջներ է դնում վիճակագրության մեթոդաբանության մասով: Այսինքն այն, որ ամբողջ աշխարհը ընդունում և ճանաչում է նշյալ համակարգերը որպես վիճակագրության որակական մակարդակը փաստող համակարգեր իսկ Հայաստանի անդամակցելն այս երկու համակարգերին խոսում է վիճակագրության արժանահավատության մասին, լիովին հակասում է հնչեցված անհիմն տեսակետին:
Բյուջեի եկամուտների վերաբերյալ:
Այստեղ բերվում են մի շարք հաշվարկներ փաստելով, որ եթե հաշվի առնենք գնաճը, ուրեմն բյուջեի եկամուտներն իրական արտահայտությամբ նվազում են: Սա չի hամապատասխանում իրականությանը….Երբ խոսում ենք բյուջեի եկամուտներից, մի բան պարզ է. եկամուտները բյուջեում անվանական ցուցանիշներ են և նույն կերպ եկամուտները հավաքագրվում են անվանական ՀՆԱ-ից: Եթե դիտարկում ենք հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, ապա այն նույն անվանական մեծությունների հարաբերությունն է: Ընդ որում եթե 2013թ-ին ծրագրված է, որ այդ ցուցանիշը աճելու է 0.9 տոկոսային կետով, ապա պարզից էլ պարզ է, որ հարկերի անվանական աճը առաջանցիկ է ՀՆԱ-ի անվանական աճից: Իսկ այն տեսակետը, որ հնարավոր է այս ցուցանիշին հասնել համարիչը՝ այսինքն ՀՆԱ-ն փոքրացնելով կարծում եմ դրա մասին անիմաստ է մեկնաբանել: Այդ ո՞ր կառավարությունն է, որ կգնա նման քայլի, որ արհեստականորեն փոքրացնի ՀՆԱ-ն, ինչ է, թե ՀՆԱ/հարկեր ցուցանիշը ավելացնի: Եվ կա՞ արդյոք մեզանում նման փաստ՝ ՀՆԱ-ն, արհեստականորեն պակասեցնելով, նշված ցուցանիշի աճ ապահովել: Այլ կերպ ասած եթե եկամուտները առաջանցիկ աճում են ՀՆԱ նկատմամբ, նշանակում է, որ խոշոր հաշվով իրական եկամուտներն են աճում, քանի որ համարիչում և հայտարարում գտնվող գնային գործոնները հարաբերության ժամանակ չեզոքացվում են: Կարծում եմ՝ չարժե թյուրիմացության մեջ գցել բոլորին:
Բյուջեի ծախսերի վերաբերյալ:
Երբ խոսում ենք ծախսերի մասին և համեմատություններ ենք անում, մոռանում ենք, որ բյուջեի կառուցման հիմքում ամենախոշոր հաշվով ընկած է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ որպես մակրոտնտեսական քաղաքականության կարևորագույն տար: Այս առումով հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ: Դա նշանակում է, որ տնտեսության անկման ժամանակահատվածում բյուջեի բացասական հաշվեկշիռը պետք է մեծանա, իսկ վերելքի շրջանում` այն պետք է կրճատվի (ի դեպ, մի շարք եվրոպական երկրների դեպքում վերջինս հնարավոր չեղավ հաջողությամբ իրականացնել):Հետևաբար ակնհայտ էր, որ ճգնաժամի տարվա բարձր պակասուրդին պետք է հաջորդեր պակասուրդի նվազեցման քաղաքականությունը, որպեսզի չվտանգվեր պարտքի կայունությունը և դա հաջողությամբ Հայաստանը կատարել, կատարում է և կատարելու է: Այսինքն, նույն բանախոսը հարկ եղած դեպքում խոսում է պետական պարտքի և դրա չարիքի մասին, սակայն մեկ այլ պարագայում խոսում է ծախսերի անհրաժեշտ ավելացումների մասին՝ անտեսելով իր նախկին ասածը: Իսկ խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսության տեսանկյունից պահանջում է, որ եթե 2009 թվականի համեմատ բյուջեի կոնսոլիդացիա ենք անում, ապա դա նշանակում է, որ եկամուտների կշիռը ՀՆԱ- ում պետք է մեծանա՝ միաժամանակ վարելով կառավարելի ծախսային քաղաքականություն:
Խոշոր հարկատուների հարկման վերաբերյալ:
Խոշոր հարկատուների նպատակադրումը և բյուջեի հարկային եկամուտներում նրանց կշռի ավելացումը եղել է, կա և կլինի Կառավարության գերակա խնդիրներից մեկը, սակայն չենք կիսում այն փաստարկը, որ հարկային բեռը տեղափոխվում է փոքր հարկատուների վրա և դա են վկայում փաստերը` խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը ընդհանուր հարկերում կազմել են` 2010 թվականին 73%, 2011-ին` 73,6% և 2012 թվականին` սպասվում է, որ այն կհասնի 74%-ի: Սա է պատկերը նաև ըստ հարկատեսակների և հատկապես անուղղակի հարկերի մասով:
Տնտեսության կառուցվածքի վերաբերյալ:
Կառավարությունը, երբ նշում է 2010 թվականի տնտեսության մեկնարկային վիճակի մասին ի նկատի ունի, որ 2010 թվականից տնտեսության կառուցվածքը էական բարելավման միտումներ է ունեցել՝ ի համեմատ մինչ ճգնաժամային տնտեսության կառուցվածքի, և այս միտումը առ այսօր պահպանվում է: Մինչև գլոբալ ճգնաժամը տնտեսության ոչ արտահանելի հատվածն էր գերակշռում և հատկապես շինարարությունը՝ ունենալով ՀՆԱ-ում 25.3 տոկոս կշիռ, իսկ հիմա միտումը դեպի արտահանելի հատվածի մասնաբաժնի աճն է, երբ արդյունաբերությունն իր կշիռն ավելացրել է մոտ 3.4 տոկոսային կետով, փոխարենը ընկել է շինարարությունը: Միաժամանակ, 2012 թվաանի 9 ամսվա տվյալները վկայում են այդ միտումների շարունակման մասին, այլ ոչ թե՝ հակառակի, ինչպես հնչեցվեց: Այսպես, տնտեսական ակտիվության համեմատ առաջանցիկ աճ ունի արդյունաբերությունը` կազմելով 9.5%: Բարձր է նաև աճը գյուղատնտեսության ոլորտում. այն կազմում է 10.7%»:










