Օբաման մտադիր է առաջիկայում դիվանագիտական ճանապարհներով հարթել իրանական միջուկային խնդիրը
ԱՄՆ մտադիր է առաջիկա ամիսներին ակտիվորեն զբաղվել իրանական միջուկային խնդրի լուծմամբ` այդ նպատակով օգտագործելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները, այդ թվում, և Իրանի հետ ուղիղ բանակցությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Առաջիկա ամիսնեին ես մտադիր եմ ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքը` օգտագործելով դիվանագիտական հնարավորությունները… Իրանական խնդրի լուծման համար դեռ ժամանակ կա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», - ասել է Օբաման` հանդես գալով վերընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսով:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը պետք է ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և համագործակցի բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև կատարի բոլոր պարտավորությունները:










