ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան բնակարաններ

20:27 • 15.11.12

Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպաներ նոյեմբերի 15-ին բնակարանամուտ են տոնել: Այս մասին տեղեկացրեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ բոլոր տեսակի կոմունալ և կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնել է անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
 

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքներին բնակարանամուտի առիթով՝ հիշեցրել է, որ մեր պետության ղեկավարությունը և պաշտպանության նախարարությունը մշտապես հոգում են զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման խնդիրները, որպեսզի բարեկեցիկ կյանք ապահովեն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար, քանզի ամուր, կայուն և բարեկցիկ ընտանիքը հայրենիքին նվիրյալ զինվորականություն ունենալու լավագույն գրավականն է:
 

Պաշտպանության նախարարը դիմելով բնակարանամուտ տոնողներին՝ ասել է. «Ինչպես դուք եք շնորհակալ, այնպես էլ ես եմ շնորհակալություն հայտնում ձեզ և շնորհավորում: Դուք մինչ այս բնակարանները ստանալն էլ բարեխղճորեն ծառայել եք հայրենիքին: Դուք ձեր ընտանիքի անդամների հետ ընտրել եք զինվորական պատվավոր ծառայությունը՝ պաշտպանելով մեր հայրենիքը: Աստված թող ձեզ բոլորիդ պահապան լինի, թող օրհնի ձեր բնակարանամուտը»:
 

Բնակարամուտի հանդիսավոր տոնակատարության ավարտին նորակառույց շենքն ու նրա բանակիչներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը, որից հետո արդեն տանտիրոջ իրավունքով բնակարանի տերերն իրենց հարկի տակ հյուրընկալեցին նախարարին, ծանոթացրին բնակարանային պայմաններին: ՀՀ զինված ուժերի սպաների համար այս տարվա ընթացքում ևս մեկ նորակառույց շենք կհանձնվի շահագործման Գյումրիում: