Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման ևխորացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, Խորխե Օրիկոն նշել է, որ իր երկրի համար Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն և կարող է կապող օղակ հանդիսանալ այս տարածաշրջանի պետությունների հետ: «Բացի այդ, մեզ միավորում է անցյալը, ներկան և ապագան: Ուրուգվայի հայ համայնքը մեր երկրի համար ունի խիստ կարևոր նշանակություն, մեծ է նրա ներդրումը մեր պետության զարգացման գործում»,- նշել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը:
Զրուցակիցները կարևորել են ոչ միայն երկկողմ քաղաքական, մշակութային ոլորտներում համագործակցությունը, այլև տնտեսական կապերի հաստատումը: Վարչապետը նշել է, որ պետք է ջանքեր գործադրվեն՝ բացահայտելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ուղղությունները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկեգործության, ադամանդագործության, դեղագործության և զբոսաշրջության բնագավառներում: Վարչապետը հանձնարարել է երկու երկրների գործարարների միջև կազմակերպել հանդիպումներ՝ նոր կապերի հաստատմանը նպաստելու համար:










