Թուրքիան ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ

20:09 • 15.11.12

Թուրքիան ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով թուրքական ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուին:


Նման հայտարարությամբ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել Ձիբուտիում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ: Դավութօղլուն մնացած երկրներին, որոնք այդ կազմակերպությանն են անդամակցում, կոչ է արել հետևել Անկարայի օրինակին:


Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սիրիայի ազգային ընդդիմության և հեղափոխական ուժերի կոալիցիան ճանաչել էր որպես երկրի ապագա օրինական կառավարություն:


Հիշեցնենք, որ Թուրքիան մեկն է այն երկրներից, որոնք առավել մեծ աջակցությունն են ցույց տալիս սիրիական ընդդիմությանը: Ստամբուլում է գործում Սիրիայի ազգային խորհուրդը, Թուրքիայում է նաև տեղակայված «Սիրիական ազատ բանակը», որը ընդդիմության ռազմական թևն է հանդիսանում: