ԼՂՀ այցելած ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է՝ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

19:54 • 15.11.12

 Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, սակայն Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և նվիրվածությունը համամարդկային արժեքներին:
 

«Հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում Ուրուգվայի հանդեպ, որը 1965թ-ին առաջինը ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ Դուք օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից եք, որն այցելում է Արցախ։ Մենք հատկապես ողջունում ենք ձեր այդ քայլը, որն առանձնահատուկ գնահատականի է արժանի», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:


Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Ուրուգվայը մեծապես գնահատում և կարևորում է բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նա նշել է, որ հայերը իրենց մշակույթով,աշխատանքով և ձեռքբերումներով կարևոր ներդրում են ունեցել Ուրուգվայի զարգացման գործում:


«Մենք փոքր երկիր ենք և պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ պահպանի միջազգային խաղաղությունը և առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – ընդգծել է Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը։


Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում հատկապես կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը:


Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։