Վարդենիսում կամուրջ է փլուզվել, կա 3 զոհ, 2 վիրավոր (տարբերակ 3)
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.27-ին, ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած, որոնցից մեկին տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հաղորդում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:40
Ինչպես լրացուցիչ տեղեկացրեցին ԱԻՆ-ից՝ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը:
Տուժածներից մեկին` Ա. Անտոնյանին, տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ՝ փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ` Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ` ն. Մարտիրոսյանի դիերը: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
17:24
ԱԻՆ-ից լրացուցիչ տեղեկացանք, որ պատահարի հետևանքով վիրավոր են Վարդենիս քաղաքի բնակիչներ ռ. Համբարձումյանը և Ա. Անտոնյանը. Վերջինիս կոտրվածքներով տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակչներ` Վ. Սարգսյանի, Գ. Ավետիսյանի և Սևան քաղաքի բնակիչ` Ն. Մարտիրոսյանի դիակները:










