«Դռելի» ձայնի պատճառը ԱԺ-ի տանիքում իրականացվող աշխատանքներն էին
Այսօր Ազգային ժողովում խմբակցությունների աշխատանքը մերթ ընդ մերթ խանգարվում էր «դռելի» ձայնի պատճառով:
Ըստ որում, գայլիկոնը (դռել), չգիտես ինչու, միանում էր այն ժամանակ, երբ լրագրողները «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին փորձում էին «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանի հետ կապված ինչ-որ հարց տալ:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանն, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե այդ ի՞նչ աշխատանքներ էին տարվում, նշեց, որ տանիքում շինարարները փորձարկում էին ԱԺ նոր ջեռուցման համակարգը:
Ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը Աժ աշխատակազմի ասուլիսը վարող լրագրողին առաջարկեց ապահովել ճեպազրույցների բնականոն ընթացքը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլով հաղորդվեց, որ ԱԺ ջեռուցման նոր համակարգի պատճառով լրջորեն վնասվել էր ԱԺ «Հանրապետական » խմբակցության անդամ, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի նոր վերանորոգված սենյակը:










