F*** Israel. Anonymous-ը սպառնացել է Իսրայելի «բարբարոսությունների» համար
Anonymous հակերական խմբավորումն իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին և քննադատել Իսրայելի «բարբարոսությունը», հայտնում է Global Post-ը:
Anonymous-ը #OpIsrael անվանումով արշավ է սկսել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե Իսրայելը փակելու է Գազայի հեռահաղորդակցության միջոցները, այդ թվում՝ ինտերնետը:
Իր տարածած հաղորդագրության մեջ Anonymous-ը խոստացել է վրեժ լուծել Իսրայելից Գազայում իրավիճակի սրման համար. «Չափազանց երկար աշխարհի մնացած մասի հետ միասին կանգնել և հուսահատ կողքից դիտել ենք այն բարբարոսական, դաժան ու ճղճիմ վերաբերմունքը, որը դրսևորում է Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինցի ժողովրդի հանդեպ: Գազայի բնակչություն և, այսպես կոչված, «գրավյալ տարածքներ», իմացե՛ք, որ Anonymous-ն այս պայքարում ձեր կողքին է»:
«Ինչպես Եգիպտոսի նախկին բռնակալ Մուբարաքն իմացավ՝ մենք ANONYMOUS-ն ենք, և մեր վերահսկողության տակ ՈՉ ՈՔ ինտերնետ չի փակի», - ընդգծել են խմբավորման ակտիվիստները:
Խումբն արդեն հարձակում է իրականացրել Իսրայելում Ֆիլիպինների դեսպանատան վրա՝ կայքում գրառում անելով՝ F*** Israel:
Anonymous-ը հարձակվել է նաև «Իսրայելի ամենակարևոր անվտանգության և տեսահսկման» կայքի՝http://falcon-s.co.il վրա՝ տեղադրելով հրթիռակոծվող Գազայի լուսանկարը և կից գրելով՝ «Վերջ տվեք Գազայի ռմբակոծությանը»:
Տարածվել են նաև Իսրայելի խորհրդանիշ Դավթի աստղը ֆաշիստական սվաստիկայի «վերածած» պատկերներ:










