Սիրիայի ընդդիությանը հովանավորող երկրները Լոնդոնում համակարգում են Ասադի հեռացման նախագիծը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր արևմտյան և արաբական երկրները, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը, Ընդդիմադիր ազգային և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավարության հետ քննարկում են համատեղ գործողությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ: Այդ նպատակով Լոնդոնում հատուկ միջազգային համաժողով է ընթանում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
ИТАР-ТАСС-ի հետ զրույցում բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության դոնորների համաժողովին, բացի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներից, մասնակցում են ԵՄ երկրների այլ պատվիրակություններ, ԱՄՆ, ինչպես նաև մի շարք արաբական պետություններ:
Համաժողովի մասնակիցների վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ համաժողովը բացել է Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ուիլիամ Հեյգը, հետագայում նախագահությունը ստանձնել է սիրիական ընդդիմության հետ կապերի բրիտանական հատուկ բանագնաց Ջոն Ուիլքսը:
Սիրիայի միավորված ընդդիմությունը իր առաջնորդ Աբդել Բասսիթ Սեյդայի հայտարարության համաձայն՝ օտարերկրյա իր հովանավորներից երեք հիմնական պահանջ ունի: Խոսքը վերաբերվում է դիվանագիտական ճանաչմանը, ֆինանսական օգնությանը և հակաօդային միջոցների մատակարարմանը` Սիրիայի կառավարական օդուժի դեմ պայքարի համար:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Փարիզը մտադիր է Եվրոմիությանը դիմել Սիրիայի ընդդիմությանը «պաշտպանողական սպառազինության» մատակարարման արգելքը չեղյալ համարելու հարցումով, որ ընդդիմադիր խամբավորումներին ուղղակի ռազմական օգնությունը հնարավոր դառնա:
Միևնույն ժամանակ ԱՄՆ առավել զգույշ դիրքորոշում է ցուցաբերում: Բարաք Օբաման նախօրեին զգուշացրեց, որ աշխարհը պետք է աչալրջություն պահի, որ անուղղակիորեն զենքը չփոխանցի այն մարդկանց, որոնք կարող են վնաս հասցնել ԱՄՆ-ին:
Բրիտանական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ն ցանկանում է, որ նախ սիրիական ընդդիմադիր կոալիցիան իր շարքերը մաքրի մարտնչող ջիհադիստներից, նոր արտոնել զենքի ուղղակի մատակարարումը:
Տվյալ պահին Արևմտյան երկրներից միայն Ֆրանսիան և Իտալիան են սիրիական Ընդդիմադիր ազգային և հեղափոխական ուժերի կոալիցիան «ճանաչել որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ»: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեռ ձեռնպահ են մնում նման քայլից: Սակայն, որոշ տվյալներով, Լոնդոնը կարող է հաջորդ շաբաթ պաշտոնապես ճանաչել սիրիական միավորված ընդդիմությունը:










