Նյու Յորքում գործատուն ստիպել է իր հղի աշխատակցին սենյակում միայնակ ծննդաբերել

17:05 • 16.11.12

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում The Standard Hotel հյուրանոցի մենեջեր Տարա Կիմկի Տանը 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել իր նախկին գործատուի դեմ՝ պնդելով, որ վերջինս ստիպել է իրեն միայնակ՝ առանց որևէ մեկի օգնության, հյուրանոցի նախասրահում ծննդաբերել։

 

Ինչպե սնշում է Yahoo News-ը, հայցվորի շահերը ներկայացնող փաստաբանը պատմել է, որ Տանի երկունքի ցավերը սկսվել են գիշերվա 2-ին, երբ հյուրանոցի զբաղվածության պիկ ժամն է եղել։ Ուստի, տնօրինությունը, պատճառաբանելով, թե ժամանակ չունի նրանով զբաղվելու, կնոջը տեղափոխել է ննջասենյակներից մեկը և դուռն էլ փակել, որպեսզի նրա ձայնը չխանգարի հյուրերին։ 

 

Դաժան ծննդաբերությունից հետո կինը շարունակել է աշխատել այդ հյուրանոցում, սակայն ամիսներ անց նրան մեղադրել են գողության մեջ և աշխատանքից հեռացրել։ Տանի պնդմամբ՝  նա ոչինչ չի գողացել, իսկ աշխատանքից հեռացումն ու ծննդաբերության ընթացքում նման դաժան վերաբերմունքը պայմանավորված են նրանով, որ ինքը չի համապատասխանում The Standard Hotel-ի «չափանիշերին»՝ ի նկատի ունենալով իր մալայզիական ծագումը։