Բաշկիրիայի բանտում զանգվածային ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. համապատասխան գերատեսչությունը հերքում է
Բաշկիրիայի բանտերից մեկում ավելի քան 20 կալանավոր փորձել է ինքնասպան լինել՝ բողոքելով հաստատության վարչակազմի կողմից ծաղրանքների դեմ, հայտնում է Лента-ն։
Այդ մասին պատմել են դատապարտյալների հարազատները «Կալանավորների միության» կայքում հրապարակված նամակում։
Զանգվածային ինքնասպանության փորձը, ինչպես նշված է նամակում, տեղի է ունեցել Սալավատ քաղաքի թիվ 2 բանտում։
Ըստ հարազատների՝ բանտի աշխատակիցները ծեծում են կալանավորներին, մեզ են լցնում նրանց վրա և սպառնում են բռնաբարությամբ։ Նման միջոցներով վարչակազմը ստիպում է դատապարտյալներին իրենց վրա վերցնել չբացահայտված հանցագործությունների պատասխանատվությունը։
Նրանք ավելացրել են նաև, որ բանտային բժիշկները չեն գրանցում ծեծի հետևանքով առաջացած վնասվածքները, իսկ կալանավորներին հնարավորություն չեն տալիս օգնության դիմել իրավապահներին։
Ավելի ուշ Բաշկիրիայի Պատժի իրականացման դաշնային ծառայության (ՊԻԴԾ) վարչությունը հերքել է այդ լուրերը։ Վարչության մամուլի ծառայության պետ Իլշատ Գայնուլինն այդ տեղեկությունն անվանել է ոչ հավաստի։










