Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

13:12 • 16.11.12

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ , նոյեմբերի 7-11–ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնարավոր ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող հարցեր:


Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն։


Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է կլոր–սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր ու Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը:

 

«Պալացո Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման և վերականգման, մշակութային արժեքների պահպանման փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։
 

 

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է նաև Տոսկանա նահանգի Բանյո ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև տուրիզմի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին հայաստանյան շուկայով: Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Բանյո ա Ռիպոլի քաղաքապետին հրավիրել է Երևան: