Եգիպտոսի վարչապետը ժամանել է Գազա, Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին (լուսանկարներ)
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլի՝ Գազայի հատված այցի ընթացքում շարունակվող կրակի համար, այն դեպքում, երբ նախատեսված էր հրադադար այդ պաշտոնյայի այցի կապակցությամբ, հայտնում է Взгляд-ը:
Այս «մեղադրանքը» Twitter սոցկայքի իր էջում տարածել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը: Նա մասնավորապես գրել է. «ՀԱՄԱՍ-ը չի հարգում Եգիպտոսի կառավարության ղեկավարի այցը և խախտում է ժամանակավոր հրադադարը, որին համաձայնել է Իսրայելը»:
Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ՝ իսրայելական հրթիռներից մեկը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ՆԳՆ շենքին: Մեկ այլ հրթիռ հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյեի տանը. տուժածներ չկան:
Առավոտվա դրությամբ՝ Իսրայելը 45 րոպեում 85 հրթիռ է արձակել Գազայի ուղղությամբ: Հրթիռներից մեկն ընկել է փախստականների Ջեբալիյա ճամբարում. կա 2 զոհ, որոնցից մեկը երեխա է:
Նոյեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Ալ-Ջաաբարիին սպանելով Իսրայելը նշանավորել էր Գազայում նոր գործողության սկիզբը:










