Վահեն ասաց՝ «գլխարկով կարելի՞ է», մատուցողը, թե՝ «կայֆավատ ե՞ս լինում». «Հարսնաքարի» գործով տուժող

17:17 • 16.11.12

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստն էր` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:


Տուժող Գարիկ Սողոմոնյանը՝ դատարանում վկայություն տալով, պատմեց միջադեպի մանրամասները: Նա, մասնավորապես, նշեց, որ կռվի հիմնական պատճառն այն է եղել, որ մատուցող Դավիթ Ադամյանի պահանջով հագուստը փոխելուց ու վերադառնալուց հետո Վահե Ավետյանը նրան հարցրել է՝ «գլխարկով կարելի՞ է»:


«Էդ պահին աֆիցանտը ագրեսիվ ձևով ասեց՝ «էդ կայֆավատ ե՞ս լինում», Վահեն ասեց՝ «չէ, ախպերս՝ ուղղակի հարցնում եմ»: Էդ ժամանակ աֆիցանտը ասեց՝ «հլը դուրս արի»»,- ասաց նա, և ևս մի քանի անգամ ընդգծեց, որ Վահե Ավետյանը չէր վիճում, այլ հանգիստ հարցնում նրան: Նա նշեց, որ Վահե Ավետյանը երկրորդ անգամ էլ ասել է մատուցողին, որ հանգիստ հարց է տալիս:


Անդրադառնալով կռվի մանրամասներին Գարիկ Սողոմոնյանը նշեց, որ դուրս գալուց հետո մատուցող Դավիթ Ադամյանը հարվածել է Վահե Ավետյանի քթին, որից հետո նրան տարել են հաստատության ավտոկայան: Դրանից հետո Նորայրը՝ խոսելով վկայի հետ, ասել է, որ նկատողություն է արել մատուցողին:


«Իրար հետ խոսալով քայլում էինք, պատմում էի, թե ինչ է եղել: Մեկ էլ ռեզկի սկսեցին հարձակվել, մտանք մեջները, ասում էինք մի խփեք: Նորոն եկավ իմ վրա, խփեց, ուշագնաց եղա, հետո չեմ հիշում: Երբ ուշքի եկա, տեսա Վահեն ընկած ա, ձեն տվեցի ձեն չէր հանում, գնացի ջուր բերեմ, մատուցողներից մեկը ջուր տվեց: Բայց Վահեն ուշքի չէր գալիս, դրեցինք մեքենայի մեջ, տարանք հիվանդանոց: Ինքը մեկ-մեկ էդ ընթացքում խռխռում էր շնչելուց»,-պատմեց վկան:


Գարիկն ընդգծեց, որ իրենց վրա հարձակվողների թիվը մոտ 20 էր: Նա նաև նշեց, որ հիշում է բոլոր ամբաստանյալներին, բացի Արման Բաղդասարյանից:


«Ինձ համար այդպես էլ մութ մնաց, թե ինչո՞ւ այդ կռիվը սկսվեց, ու ի՞նչ եղավ: Այդ հարցն ինձ ամեն օր հուզում է: Ու չեմ կարողանում հասկանամ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել 3 ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: Միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Գարիկ Մարգարյանի,Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի նկատմամբ: