Ադրբեջանը պնդում է՝ Հովիկ Աբրահամյանին հրավիրել են Բաքու. վերջինս, սակայն հրավեր չի ստացել
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին, որը կկայանա նոյեմբերի 27-28-ին, տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը։
Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, սակայն, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ԱԺ նախագահը որևէ հրավեր չի ստացել։ «Հովիկ Աբրահամյանի անունով նման հրավեր չի եկել»,-ասաց նա։
Նման պնդմամբ հանդես էր եկել ադրբեջանցի պատգմավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ասեֆ Հաջիևը։
«Հրավերն ուղարկվել է ՍԾՏՀ անդամ բոլոր երկրների խորհրդարանների ղեկավարներին ու ներկայացուցիչներին՝ այդ թվում Հայաստանի ԱԺ ղեկավարին։ Կգա նա, թե ոչ, իր որոշելիքն է»,-ասել է պատգամավորը։










