Ֆրանսիայում բրիտանացի բուդդիստ վանական է ինքնահրկիզվել
Ֆրանսիայի տիբեթական բուդդիստական վանքերից մեկում բրիտանացի վանական է ինքնահրկիզվել, հայտնում է Courier Mail-ը:
Ոստիկանությունը չի նշել 38-ամյա բրիտանացու անունը, ով բենզին է լցրել իր հագուստի վրա և հրկիզել: Հայտնի է, որ բուդդիստ բրիտանացին վերջին հինգ տարում բնակվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքի Լաբաստիդ-Սեն-Ժորժ գյուղի մոտակայքում գտնվող Նալանդա վանքում: Այստեղ 45 մարդ է մնում:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյոք ինքնահրկիզման պատճառը զոհի դեպրեսիա՞ն է եղել, թե՞ նա նման քայլի դիմելով իր համերաշխությունն է հայտնել տիբեթցի վանականներին, որոնք նույն կերպ իրենց բողոքն են արտահայտում Չինաստանի իշխանությունների դեմ՝ իրենց մշակույթի և լեզվի դեմ վարած քաղաքականության համար:
2011-ի մարտից ի վեր 30-ից ավելի տիբեթցի վանական է ինքնահրկիզվել:










