«Նուբարաշենում» հերթական դատապարտյալը կարել է բերանը և պատրաստվում է ինքնախեղման դիմել՝ օրգանները հանելու միջոցով. ՄԻՊ

18:32 • 16.11.12

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական դատապարտյալը կարել է բերանը և պատրաստվում է ինքնախեղման դիմել՝ օրգանները հանելու միջոցով։ Այս մասին քիչ առաջ անհայտ անձից ահազանգ է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

ՄԻ պաշտպանի գրասենյակի Facebook-ի էջից տեղեկացնում են, որ Պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են «Նուբարաշեն» ՔԿՀ : Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 4 դատապարտյալ հացադուլ էին հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և կալանավայրում տիրող իրավիճակի դեմ: Նրանք իրենց բողոքն արտահայտել էին «Հենարան» լրատվական կայքին ուղարկված նամակում և որպես բողոքի նշան խմբագրություն էին ուղարկել նաև դատապարտյալներից մեկի կտրված ճկույթը:

Իսկ հոկտեմբերի 29-ին, «Հրազդան» ՔԿՀ-ում բանտարկյալ Հայկ Գալստյանը աչքերը կարելով հացադուլ էր հայտարարել:

ՔԿՀ-ի դեպքերը պարզաբանելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել էր, որ աչքերն ու բերանը կարելը դատապարտյալների համար այնքան սովորական է, ինչքան աղջիկների մոտ ականջօղեր կախելը։

Ի նշան բողոքի, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ակցիա էին կազմակերպել ու թել ու ասեղ են հանձնելով արդարադատության նախարարին հրավիրել էին «կարուձևի դասընթացի»։