Ճապոնիայի վարչապետն արձակել է խորհրդարանի ստորին պալատը և նշանակել արտահերթ ընտրություններ
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան այսօր պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի կարևորագույն՝ ստորին պալատն արձակելու և արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
Դրանք կանցկացվեն դեկտեմբերի 16-ին, ընտրարշավը կսկսվի դեկտեմբերի 4-ից։
Ստորին պալատն արձակելու որոշումը կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանության են արժանացրել բոլոր նախարարները։ Համապատասխան փաստաթուղթն այնուհետ կներկայացվի կայսերը։
Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կայացվել է ընդդիմության ճնշման ներքո, որը մտադիր է իշխանությունից զրկել իշխող Դեմոկրատական կուսակցությանը, որը վերջին ժամանակներում կորցնում է ընտրողների աջակցությունը։
Վարչապետը հուսով է, որ ընտրողներն իրենց քվեները կտան իշխող կուսակցության օգտին։ Սակայն սոցհարցումները վկայում են, որ ընտրություններում կհաղթի ընդդիմադիր Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ։










