Պուտին. Սիրիայում նախ պետք է պայմանավորվել կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մասին և նոր Ասադի հրաժարականից խոսել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարել է, որ սկզբում պետք է պայմանավորվել Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ճակատագրի մասին, և հետո միայն հարց դնել նախագահ Բաշար Ասադի հրաժարականի մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեր գնահատականը հայտնի է` մենք կարծում ենք, որ սկզբում պետք է պայմանավորվել ապագայի մասին: Սկզբում պետք է հասկանալ թե ինչպես պետք է ապահովվեն Սիրիայի տարբեր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքները և շահերը, և ապա նոր անցնել փոփոխություններին: Այլ ոչ հակառակը` հեռացնել Ասադին, և դրանից հետո նոր սկսել մտածել, թե ինչ անել դրա հետ»,- ասել է Պուտինը:
«Մենք հարցերի նման լուծման օրինակներ ունենք նույն Լիբիայում կամ այլ երկրներում, - ավելացրել է Պուտինը: - Հայտնի է, թե ինչի է հանգեցրել Լիբիայի իրավիճակը` երկրի ապաինտեգրացում, դիվանագետների սպանություններ, այդ թվում և ԱՄՆ դեսպանի: Մի խոսքով` համատարած քաոս»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր սիրիական ընդդիմությանը աջակցող արևմտյան և արաբական երկրները Ընդդիմադիր ազգային և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավարության հետ քննարկում են համատեղ գործողությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ: Այդ նպատակով Լոնդոնում հատուկ բարձր մակարդակով միջազգային համաժողով է հրավիրվել:










