Ուսանողների ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի պակասն է. պրոռեկտոր

14:02 • 16.11.12

Մայր բուհի «Կարիերայի և շրջանավարտների» կենտրոնը տարեկան 200-300 աշխատատեղ է ապահովում իր ուսանողների համար, սակայն շրջանավարտների թիվը շուրջ 3000-4000 է կազմում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական համալսարանի ուսանողների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:


Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ԵՊՀ պրոռեկտորն առանձնացրեց ուսանողների հետ կապված երեք հիմնական խնդիր` սոցիալական, կրթական և աշխատանքային:


«Ուսանողների համար սոցիալական հարցերը կարող են կապված լինել ուսման վարձի հետ կամ օրինակ՝ մարզաբնակ ուսանողները կարող են ունենալ բնակարանային խնդիր: Կրթության որակի խնդրին ուսանողներն այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում»,- ասաց նա։


Պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե արդյոք ուսանողներին տրամադրվող կրթաթոշակի չափը վերանայման ենթակա չէ՞, Ռուբեն Մարկոսյանը պատասխանեց, որ այն ուսանողը, ով ստանում է կրթաթոշակ նա պետպատվերով սովորող ուսանող է, և հատկացված գումարը բավական է: «Այստեղ կարող են քննարկվել կրթաթոշակ տրամադրելու մեխանիզմները, քանի որ եթե մենք ունենք վճարովի կրթահամակարգ, պետք է կրթաթոշակի հարցը վերանայել վարձի հետ: Կրթաթոշակների համակարգը պետք է բազմազանեցնել, և այն պետք է տրվի միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին»:

 

 

Ասուլիսին ներկա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Հակոբջանյանը՝ ուսանողության հետ կապված խնդիրներից, առանձնացրեց կրթությունը իրագործելու մեխանիզմը. «Այն պետք է իրագործվի դասախոսի և ուսանողի միջև, իսկ այսօր այն ընկած է միայն դասախոսի ուսերին, բայց պետք է ուսանողներն ավելի պահանջատեր լինեն, քանի որ նրանք են հետագայում կանգնում օրեցօր նոր պահանջարկներ ավելացնող աշխատաշուկայի առաջ: Կարևոր է ապահովել ուսանողների շարժունությունը, որպեսզի ցանկացած կետում ընդհատված կրթությունը հնարավոր լինի շարունակել»,- ասաց Հրաչյա Հակոբջանյանը:


ԵՊՀ պրոռեկտորն ասաց, որ մայր բուհը, վերջին մեկ տարվա ընթացքում, ձեռնարկությունների հետ տարբեր հանդիպումներ է կազմակերպում` ուսանողներին հետագայում աշխատանքով ապահովելու համար.«Ձեռնարկությունները կարող են ներկայացնել իրենց պահանջները՝ դասաժամերի կազմման համար: Մենք պետք է նպաստենք նաև, որ ուսանողներն այցելեն այդ ձեռնարկություններ, այնտեղից ժամավճարով հրավիրենք մասնագետների` նեղ մասնագիտական դասընթացներ կարդալու համար: Դա կարող է խորը փոփոխություն մտցնել ուսանող-աշխատաշուկա համակարգում»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը: