Սիբիրյան խոցով հիվանդանոցներում 5 հոգի կա
Սիբիրյան խոցով հիվանդանոցներում 5 հոգի կա, որոնց վիճակը միջին ծանրության է։ Այս տվյալներն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը՝ վստահեցնելով, որ վարակի ոչնչացման համար ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը:
Ըստ Վանյանի, թեկուզ կարմրակապտավուն բծի առկայության դեպքում, պետք է սթափվել: Սա սիբիրյան խոցի առաջին նախանշանն է:
«Թեկուզ փոքր կասկածի դեպքում մենք անմիջապես ահազանգում ենք, որ բարդություններ չառաջանան»,- ասաց նա և վստահեցրեց, որ իրենք շարունակում են կատարել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
«Կատարվում են բնակարանային համայցեր, բաժանվում են հուշաթերթեր, հորդորվում է վարել առողջ ապրելակերպ: Կասկածելի դեպքերում տվյալ տանը կատարվում է ախտահանման աշխատանքներ»,- ասաց Վանյանը:
Բանախոսը հայտնեց, որ բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է սիբիրյան խոցով հիվանդ մոտ 50 մարդ, բայց նրանցից միայն 8-ի մոտ է հաստատվել: Նա նաև հայտնեց, որ Հայաստանում տարածված է սիբիրյան խոցի մաշկային ձևը: «Մեկ շաբաթում հնարավոր է բուժել: Ծանր դեպքեր դեռ չենք ունեցել: Կարևորն այն է, որ այն վարակիչ չէ և մեկ շաբաթում բուժվում է »,- ասաց Արտավազդ Վանյանն ու հավելեց, որ բուժումն իրականացվում է հիմնականում պետպատվերի շրջանակներում:










