«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց (լուսանկարներ)

18:05 • 17.11.12

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն այսօր «Ազատության քայլերթ» խորագրով բողոքի երթ է անցկացրեց, որը մեկնարկեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտից:

Մեկնարկի համար ընտրված վայրն ըստ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ ունի խորհրդանշական նշանակություն, քանի որ, ըստ նրա, 2011թ-ի օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստներին հենց այստեղ էին ոստիկանները ծեծի ենթարկել:
 

ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց, որ երբ «ոստիկանությունը հարձավեց և ծեծի ենթարկեց ՀԱԿ ակտիվիստներին», այդ ժամանակ իշխանությունը բանակցում էր ընդդիմության հետ արատախորհրդարանական և արտանախագահական ընտրություններ անցկացնելու շուրջ:


«Երբ իշխանությունը միջազգային հանրությանը փորձում էր ցույց տալ, թե պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ, մի կողմից էլ մշակում էր քայլեր, որով պետք է վիժեցնեին այդ բանակցություները: Մենք հասկացանք, որ նրանց որևէ խոսքին ու պնդմանը չպետք է հավատալ»,-ասաց նա:
 

Զուրաբյանը նաև նշեց, որ եթե իշխանությունն իր տրամաբանական ավարտին հասցնի ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը, ապա 6 տարվա ազատզրկման դատապարտված Տիգրան Առաքելյանին կմիանան ևս երեք քաղբանտարկյալ:
 

Ելույթ ունեցավ նաև ՀԱԿ անդամ, դերասան Աշոտ Ադամյանը, ով նշեց, որ 2011թ-ին ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունը ցույց տվեց, որ բոլորն են դատապարտված լինելու այս ոչ ադեկվատ իշխանության թիրախ դառնալուն:

 

«Միայն ու միայն ազատություն և արժանապատվություն»,-կոչ արեց նա:
 

 

Բողոքի երթի մասնակիցները «Պատժել դատավորներին», «Ոչ քաղբանտարկյալներին, «Պայքար հանուն ազատության» և նմանօրինակ ցուցապաստառներով շարժվեցին Տերյան, Սայաթ-Նովա, Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա և Տերյան փողոցներով՝ ճանապարհին իրազեկելով հանրությանը անազատության դատապարտված ՀԱԿ ակտիվիստների հետ կապված դեպքի մանրամասները:


Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողնել ՀԱԿ ակտիվիստների` Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի ազատազրկման դատավճիռը:


Նշենք նաև, որ Տիգրան Առաքելյանին դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով:

 

Երբ «ոստիկանությունը հարձավեց և ծեծի ենթարկեց ՀԱԿ ակտիվիստներին», այդ ժամանակ իշխանությունը բանակցում էր ընդդիմության հետ արատախորհրդարանական և արտանախագահական ընտրություններ անցկացնելու շուրջ: