Դամասկոսի հարավում կատաղի մարտեր են ընթացել

09:32 • 17.11.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում՝ Թադամուն թաղամասում, որն ամիսներ շարունակ համարվում էր զինյալ ապստամբների հիմնական հենակետը մայրաքաղաքում, կառավարական զորքի ու զինյալ ապստամբների միջև կատաղի մարտեր են ընթացել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Ալ Վաթան» լրատվական ծառայությանը։

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք»։ Հարասթ բնակավայրում ռազմական ստորաբաժանումները ոչնչացրել են «Սիրիական ազատ բանակ»-ի կազմի մեջ մտնող «Լիվա ալ-Իսլամ» բրիգադի դաշտային հրամանատարների։

Հուջեյրում ոչնչացվել է «Ահրար Ջուլան» խմբավորման երկու պարագլուխ։

 

Հալեպի հյուսիսային և արևելյան շրջաններում նույնպես փողոցային մարտեր են ընթանում։

Հալեպի քրիստոնեական թաղամասում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է «Ալ-Մանար»-ը, մահապարտ-ահաբեկիչը մեքենային ամրացված պայթուցիկ է գործի դրել, որով փորձել է պայթեցնել սիրիա-ֆրանսիական հոսպիտալին մոտ գտնվող զինվորական պահակակետը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 մարդ, 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


Հոմսում, «Ալ Վաթան»-ի փոխանցմամբ, անվտանգության ուժերին հաջողվել է շրջափակել և ոչնչացնել ավելի քան 70 գրոհային։

 

Երեկ արևմտյան ու արաբական մի շարք երկրներ նորաստեղծ Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարության հետ քննարկել են Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադին հեռացնելու հարցը։