Եգիպտոսի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել ողբերգական պատահարից հետո

13:27 • 17.11.12

Եգիպտոսի Ասյուտ շրջանում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգության հետևանքով հրաժարական է տվել Տրանսպորտի նախարար Մուհամմեդ Ռիշադ ալ-Մատինին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցներին։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը,  Կահիրե- Ասուան երթուղին իրականացնող գնացքը բախվել էր դպրոցական ավտոբուսին, ինչի հետևանքով, նոր տվյալների համաձայն, զոհվել է մոտ 50 երեխա։ Զոհերը հիմնականում 4-6 տարեկան են։ Ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ մոտ 60 դպրոցական։

 

Նախարարն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը։

 

Նա աշխատանքից ազատման դիմումն ուղարկել է նախագահ Մուհամմեդ Մուրսիին։ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Եգիպտոսի երկաթուղային կազմակերպության ղեկավարը։

 

Ստեղծվել է միջադեպի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողով, ինչպես նաև հատուկ կոմիտե՝ զոհերի հարազատներին ու տուժածներին շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով։