Հույները վերջին 3 ճգնաժամային տարիներին երկրից 33 մլրդ եվրո են դուրս բերել
Հունաստանի քաղաքացիները երկրից 33 մլրդ եվրո են դուրս բերել երեք վերջին տարիների ընթացքում, հաղորդում է տեղական գործարար պարբերական «Նաֆտեմպորիկին»` հղում կատարելով պետական տեղեկատվական համակարգերի գերագույն քարտուղար Յորգոս Լասկարիդիսին: Քարտուղարությունը զբաղվում է մասնավորապես դրամական հոսքերի վերահսկմամբ, որոնք դուրս են բերվում երկրից ճգնաժամի ընթացքում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Պաշտոնյաի խոսքով, փողերը հիմնականում գնացել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի բանկեր: Մեծաքանակ դրամական փոխանցումներ կատարած՝ 10 հազար անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել հարկերից խուսափելու և փողերի լվացման կասկածանքով:
Լասկարիդիսը հայտնել է նաև, որ էլեկտրոնային համակարգերի աշխատանքը, որով հնարավոր է վերահսկել քաղաքացիների եկամուտները և խնայողությունները, դեռևս շատ հեռու են օպտիմալ աշխատունակությունից:
Վերջին շաբաթների ընթացքում Հունաստանում փողերի արտասահման դուրս բերման թեման ակտիվ քննարկման առարկա է և հատկապես մեծ հնչեղություն է ստացել «Լագարդի ցուցակ» կոչվող ցանկից հետո, որի մեջ մտել են 2 հազար հույն ներդրողներ, որոնք HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում խոշոր հաշիվներ ունեն:
Ինքնին արտասահմանում խոշոր հաշիվների առկայությունը հանցագործություն չէ, սակայն իշխանությունները կասկածներ ունեն, որ նշյալ ցանկից որոշ անձեր կարող էին հարկերից խուսափել:










