Հնդկական դասագրքում մսակերներին խաբեբա և հանցագործ են դարձնում

22:18 • 17.11.12

Հնդկաստանում դպրոցական դասագիրք է հրատարակվել, որում պնդում կա, թե այն մարդիկ, ովքեր միս են ուտում «խաբում են, ստում են, մոռանում են խոստումների մասին և սեռական հանցագործություններ են իրականացնում», հաղորդում է BBC-ն:


Առողջության և հիգիենայի նոր դասագիրքը, որը նախատեսված է 11-12 տարեկան երեխաների համար հրատարակվել է հնդկական առաջատար հրատարակչություններից մեկի կողմից:


«Ամենաուժեղ կռվանը այն բանի օգտին, որ միսը անհրաժեշտ չէ սննդի մեջ, հանդիսանում է այն, որ Տիեզերքի Արարիչը չի ներառել միսը Ադամի և Եվայի սննդակարգում: Նա նրանց տվել է մրգեր, ընդեղեն և բանջարեղեն», - ասվում է գրքի «Արդյոք պե՞տք է մարմին ուտենք» կոչվող գլխում:


Այդ գլխում թվարկվում են բուսակերական սննդակարգի առավելությունները, ինչպես նաև «բնութագրերը», որոնք, դասագրքի հեղինակների կարծիքով, հարիր են մսակերներին:


«Նրանք հեշտությամբ ստում են, խաբում են, խոստումները չեն կատարում, նրանք արդարամիտ չեն և սիրում են չարախոսել, գողանալ, կռվել, բռնության դիմել և սեռական հանցագործություններ կատարել», - ասվում է դասագրքում:


Այդ նույն բաժնում էսկիմոսներին անվանել են «ծույլ, ալարկոտ և կարճակյաց արարածներ, քանի որ նրանք սնվում են բացառապես մսով»:


Գրքի այլ անմիանշանակ պնդումների շարքում նշվում են նաև այսպիսիք. «Արաբները, որոնք ներգրավված էին Սուեզի ջրանցքի շինարարության մեջ, սնվում էին ցորենով և խուրմայով, և ավելի առողջ էին եվրոպացիներից, որոնք տավարի միս էին ուտում»:


BBC-ն նշում է , որ խմբագրությունը ոչ մի կերպ չի արձագանքել նման արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին:
Հնդկաստանի գիտնականները իշխանություններին կոչ են արել դասագրքերի հրատարակությունը առավել խիստ վերահսկողության տակ առնել:


«Երեխաների համար նման գիրքը պարզապես թույն է, հայտարարել է Դելիի համալսարանի կրթության ֆակուլտետի աշխատակից Ջանակի Ռաջանը - Կառավարությունը իրավասություններ ունի ներգործելու այդ ընթացքի վրա, սակայն իրականում նրանք ձեռնպահ են մնում»:


Իրենց հերթին, սակայն իշխանությունները պնդում են, որ ուսումնական հաստատությունները իրենք են պատասխանատու ուսումնական ձեռնարկների ընտրության համար և ուսուցման որակի համար պատասղանատվությունը նրանց վրա է ընկած: