Դատապարտյալը կարել էր բերանն ու աչքերը, քանի որ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից բազմիցս ենթարկվել է նվաստացման. ՄԻՊ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բերանը կարած դատապարտյալը, ով նաև կարել էր աչքերը և հայտարարել, որ պատրաստվում է ինքնախեղման դիմել՝ օրգանները հանելու միջոցով, ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը և քանդել բերանի և աչքերի կարերը:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման աշխատակիցները թեժ գծով ահազանգ ստանալով, երեկ երեկոյան շտապել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել դատապարտյալ Արտակ Աբրահամյանին, ով մինչ նրանց ժամանելը՝ հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո, արդեն քանդել էր կարված բերանն, ու ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի իր խնդիրները:
ՄԻ պաշտպանի գրասենյակի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ դատապարտյալ Արտակ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշպանին դիմում է ներկայացրել, որտեղ, մասնավորապես, հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկն իր նկատմամբ բազմիցս ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և եթե վարչակազմն իր այդ խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:










