Թել Ավիվում օդային տագնապ է հնչել

21:27 • 17.11.12

Օդային տագնապի ազդանշան է այսօր կրկին արձակվել Թել Ավիվ քաղաքում, Մեկ րոպե անց ուժգին պայթյուն է որոտացել, որը լավ լսվել է Յաֆֆոյում` քաղաքի հարավային հատվածում: Առկա տեղեկությունների համաձայն, տուժածներ չկան, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Միջադեպի կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններ չկան: Ենթադրաբար, պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ պաղեստինյան տարածքից արձակված հրթիռը խփվել է իսրայելական ՀՕՊ համակարգի կողմից:


Նախօրեին Թել Ավիվը և քաղաքի մերձակա արբանյակ քաղաքները երեք անգամ Ղազայի հատվածից հրթիռակոծման են ենթարկվել: Հաղորդվում է, որ դրա հետևանքով զոհեր չկան:


Միևնույն ժամանակ, իսրայելական օդուժը շարունակում է հարվածներ հասցնել պաղեստինյան զինապահեստներին և հրթիռային համակարգերին:


Իսրայելական ռազմական հրամանատարության հրամանով օդային հարձակումների ծավալները ընդլայնվել են, և գրոհի տակ են հայտնվել ՀԱՄԱՍ-ի վարչական ու այլ նշանակության շենքերը:


Այդ ֆոնի ներքո Ղազայի հատվածի սահմանի մոտ շարունակվում է իսրայելական ցամաքային զորքերի կուտակումը, սակայն ներխուժման հրաման դեռ չի արձակվել: