Յոհանեսբուրգի համալսարանը կպատժի մոտ 500 ուսանողի՝ բժշկի կեղծ տեղեկանք ներկայացնելու համար

14:11 • 17.11.12

Յոհանեսբուրգի համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է, որ կպատժի մոտ 500 ուսանողի՝ քննություններին չներկայանալու և բժշկի կեղծ տեղեկանքներ ներկայացնելու համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
 

«Սեթերդեյ Սթար» թերթը տեղեկացնում է, որ բժշկի որոշ տեղեկանքներ մակագրված են եղել Դոկտոր Դռե և Ուիզ Խալիֆա անուններով, ովքեր հայտնի ամերիկյան ռեփերներ են:

 

Քննությունները բաց է թողել 520 ուսանող, որոնցից 450-ի վերաբերյալ հետաքննությունն արդեն ավարտվել է: Նրանց սպասվում է պատժի մի քանի տեսակ՝ սկսած դասերից 1 տարով զրկելուց մինչև պայմանական հեռացում, որը հնարավոր է վերածվի իրական հեռացման, եթե մոտակա 12 ամիսների ընթացքում նրանց կողմից արձանագրվի կարգապահության խախտում: Ամենից վատ կարգազանցները միանգամից կհեռացվեն համալսարանից:

 

«Մենք ցանկանում ենք այլ ուսումնական հաստատությունների օրինակ ցույց տալ կարգապահության էթիկայի և թափանցիկության վերաբերյալ»,- հայտարարել է համալսարանի ներկայացուցիչ Հերման Էստերուիզենը: